2021 թվականի հունվարի 26-ին Սյունիքի մարզում, Կապան քաղաքում տեղի ունեցավ քրեական գործով հերթական դատական նիստը:
Մասնավորապես ՝ Առուստամ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2005թ.-ից մինչև 2019թ. մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Սյունիքի մարզի Գորայք համայնքի ղեկավարի պաշտոնը, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով օժտված լինելով օրենքով սահմանված դեպքերում և կարգով ապօրինի հողօգտագործումները կանխարգելու, կասեցնելու և վերացնելու իրավասությամբ, այսինքն` հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, այն է՝ շահադիտական շահագրգռվածությունից ելնելով՝ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որն էական վնաս է պատճառել Սյունիքի մարզի Գորայք համայնքի օրինական շահերին և համայնքի համար անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, այն է՝
2010թ. oգոստոսի 20-ին 25 տարի ժամկետով, տարեկան ընդամենը 4.000 ՀՀ դրամ վարձավճարով, Գորայք համայնքի հետ կնքել է գյուղատնտեսական նշանակության արոտավայր հանդիսացող, 09-028-123-001 ծածկագրով, 0.5 հա մակերեսով հողատարածքի վարձակալության պայմանագիր և անձամբ վարձակալել այն, ինչից հետո, հաստատապես տեղյակ լինելով նշված հողամասից 200մ2 մակերեսով հողատարածքը՝ վարձակալության վճարը 120 անգամ գերազանցող ենթավարձակալության վարձավճարով՝ ամսական 40.000 ՀՀ դրամով «Օրանժ-Արմենիա» ՓԲ ընկերությանը («Յուքոմ» ՓԲԸ) ենթավարձակալության տրամադրելու պայմանագրով ոչ իր գործառնական նշանակությամբ՝ որպես կապի օբյեկտի հող բջջային հիմնական կայանի տեղակայման նպատակով օգտագործելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված՝ ապօրինի հողօգտագործումները կանխարգելելու, կասեցնելու և վերացնելու իր լիազորությունն իրացնելու փոխարեն 2010թ. սեպտեմբերի 9-ին 25 տարի ժամկետով կնքել է նշված ենթավարձակալության պայմանագիրը, որից հետո ենթավարձակալի կողմից տեղադրվել է կապի ենթակառուցվածքի օբյեկտ հանդիսացող ալեհավաք կայան և մինչ օրս իրեն որպես վարձավճար վճարվել շուրջ 4.524.000 ՀՀ դրամ՝ համայնքի համար անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ, մասնավորապես՝ համայնքային բյուջե չի վճարվել 4.004.000 ՀՀ դրամ:
Այսինքն՝ Առուստամ Լուկաշի Առուստամյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով:
Բացի այդ, 2005թ.-ից մինչև 2019թ. մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Սյունիքի մարզի Գորայք համայնքի ղեկավարի պաշտոնը, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով օժտված լինելով համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին, հողերի օգտագործման սխեմաներին համապատասխան, համայնքի ավագանու համաձայնությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը օտարելու կամ օգտագործման տրամադրելու իրավասությամբ, այսինքն` հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, կատարել է պաշտոնեական կեղծիք, ինչպես նաև դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից, ինչն էական վնաս է պատճառել Սյունիքի մարզի Գորայք համայնքի օրինական շահերին, այն է` առանց Գորայք համայնքի ավագանու նիստ հրավիրելու և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օգտագործման տրամադրելու վերաբերյալ սահմանված կարգով համայնքի ավագանու համաձայնությունն ստանալու, Սիսիան քաղաքի բնակիչ Տարոն Մինասյանին նույն համայնքի վարչական տարածքից 19 չափաբաժին հողակտոր հատկացնելու վերաբերյալ 2015թ. սեպտեմբերի 10-ին անձնական դրդումներից ելնելով կազմել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող համայնքի ավագանու թիվ 19-Ա որոշումը՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը մրցույթով վարձակալության տրամադրելու մասին, ինչն ավագանու 2015-2016թթ. նիստերի գրանցամատյանում, ինչպես նաև ՀՀ Սյունիքի մարզպետարանում չի հաշվառվել, այնուհետև, նշված որոշման հիմքով նույն համայնքի վարչական տարածքից 19 չափաբաժին հողակտոր հատկացնելու նպատակով, առանց մրցույթ անցկացնելու, 2015թ. հոկտեմբերի 12-ին կազմել է հողամասերը վարձակալության տրամադրելու վերաբերյալ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող թվով 19 մրցութային կեղծ արձանագրություններ և ստորագրել մրցութային հանձնաժողովի անդամների փոխարեն, որից հետո կազմված փաստաթղթերը հանձնել է ՀՀ կադաստրի կոմիտե, ինչի արդյունքում Տարոն Մինասյանը վարձակալությամբ 25 տարի ժամկետով ձեռք է բերել համայնքի վարչական տարածքում գտնվող 19 չափաբաժին հողակտոր, որի իրավունքը նման պայմաններում չի ունեցել։
Այսինքն՝ Առուստամ Լուկաշի Առուստամյանը կատարել է հանցավոր արարքներ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով:
Այսպիսով՝ Առուստամ Լուկաշի Առուստամյանը կատարել է հանցավոր արարքներ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով:
Սույն գործը, ամբաստանյալի շահերի պաշտպանությունն իրականացնում էր, <<MV-LAW>> ընկերության փաստաբան ՝ Մուշեղ Վարդանյանը, որի արդյունքում դատարանի կողմից կայացվեց արդարացի դատավճիռ՝ Առուստամ Լուկաշի Առուստամյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 309 հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ:
ՀՀ քրեական օրենսգրքի 309 հոդվածի 1-ին մասով որպես պատիժ նշանակել տուգանք` ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի` 400 000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:
ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասով որպես պատիժ նշանակել տուգանք` ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի` 400 000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամի չափով` համայնքային ծառայության բնագավառում պաշտոն զբաղեցնելու և գործունեություն ծավալելու իրավունքից զրկելով` 1 (մեկ) տարի ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի կանոնների համաձայն` հանցանքների համակցությամբ, նշանակված պատիժները լրիվ գումարելու միջոցով, ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասով նշանակված 400 000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամ տուգանքին (լրացուցիչ պատժի հետ) գումարել` ՀՀ քրեական օրենսգրքի 309 հոդվածի 1-ին մասով նշանակված 400 000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամ տուգանքը և պատիժ նշանակել տուգանք` ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի` 800 000 (ութ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով` համայնքային ծառայության բնագավառում պաշտոն զբաղեցնելու և գործունեություն ծավալելու իրավունքից զրկելով` 1 (մեկ) տարի ժամկետով:
Կիրառել "Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին" ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և Առուստամ Առուստամյանին ազատել տուգանքի ձևով պատիժը կրելուց:
ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով որպես պատիժ նշանակել ազատազրկում 2 (երկու) տարի ժամկետով` համայնքային ծառայության բնագավառում պաշտոն զբաղեցնելու և գործունեություն ծավալելու իրավունքից զրկելով` 1 (մեկ) տարի ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի կանոնների համաձայն` հանցանքների համակցությամբ, նշանակված պատիժները լրիվ գումարելու միջոցով ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով նշանակված 2 (երկու) տարի ժամկետով ազատազրկմանը` համայնքային ծառայության բնագավառում պաշտոն զբաղեցնելու և գործունեություն ծավալելու իրավունքից զրկելով` 1 (մեկ) տարի ժամկետով լրացուցիչ պատժին գումարել ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասով նշանակված լրացուցիչ պատիժը` համայնքային ծառայության բնագավառում պաշտոն զբաղեցնելու և գործունեություն ծավալելու իրավունքից զրկելը 1 (մեկ) տարի ժամկետով, և պատիժ նշանակել ազատազրկում 2 (երկու) տարի ժամկետով` համայնքային ծառայության բնագավառում պաշտոն զբաղեցնելու և գործունեություն ծավալելու իրավունքից զրկելով` 2 (երկու) տարի ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի կիրառմամբ` ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 2 (երկու) տարի ժամկետով, վարքի նկատմամբ վերահսկողությունը դնել ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության բնակության վայրի ստորաբաժանման վրա£
Փորձաշրջանի սկիզբը հաշվարկել հաշվառման վերցնելու պահից: